You are here
Մշակույթ 

ԿՆԵՐԵՍ ՇԱՌԼ, ԲԱՅՑ ՄԻ՛ ԴԻՊՉԻՐ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Մեծ մարդիկ երբեմն հեշտությամբ կոտրում են տաբուներ, արտահայտում են մտքեր, որոնք լրիվ այլ երանգ կունենան հասարակ մահկանացուների պարագայում: Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն առաջարկում է փոխել Հայաստանի օրհներգը: «Ես կարծում եմ, որ «Pour toi Arménie» երգը, այդ մասին խոսվել է, հնարավոր է՝ դառնա Հայաստանի օրհներգը, քանի որ ներկայիս օրհներգն առանձնապես բան չի հաղորդում: Ես դա կուզենայի»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավանություն է տվել այդ գաղափարին: Առաջին անգամը չէ, երբ Ազնավուրը հանդես է գալիս աղմկահարույց, նույնիսկ սկանդալային հայտարարություններով:

 

Օրինակ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանի պարտավորեցնող կարգավիճակը նրան չխանգարեց, որ տարիներ առաջ հանդես գա հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող աղմկոտ հայտարարություններով: Սակայն վերադառնանք օրհներգի խնդրին:Բացարձակապես կասկածի տակ չդնելով Շառլի խոսքը, թերահավատ եմ, որ Սերժ Սարգսյանը հավանության արժանացրած լինի նրա առաջարկը, ավելի շուտ` խաբուսիկ եմ համարում շանսոնյեի տպավորությունը, որովհետև Սերժ Սարգսյանի ժպիտը կամ նույնիսկ` «Այո»-ն հարաբերական են և կարող են օրվա մեջ մի քանի անգամ փոխվել: Սարգսյանի համար արժեքներն ու գաղափարները տեղ չունեն, նա կոնկրետ հաշվարներով ապրող պրագմատիկ մարդ է ու ըստ այդմ` չի կարող օրհներգի փոփոխության կողմնակից լինել թեկուզ այն պատճառով, որ սկզբունքային հակասություններ կծնի իր ու ՀՅԴ-ի միջև:

 

Մեր պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այլ տեսակի կրող է: Նա հավատարիմ է կոնկրետ արժեքային համակարգի և սկզբունքորեն կարող էր Երրորդ Հանրապետության համար առաջարկել նոր խորհրդանիշներ, որովհետև նոր հանրապետությունը բովանդակային, արժեքային բաղադրիչներւվ էապես տարբերվում էր նախորդ երկուսից: Սակայն առաջին նախագահի թիմը 1990թ-ին կայացրեց ոչ թե արժեքային, այլ քաղաքական որոշում:Մեր հանրապետությունը վերցրեց այն խորհրդանիշները, որոնք ընդունված էին Առաջին հանրապետության կողմից` ցույց տալու համար մեր պատմության ամբողջականությունը, անկախության ձգտման անփոփոխ ու միասնական կամքը, նաև` նեգատիվ վերաբերմունքը սովետական, բոլշևիկյան օկուպացիայի հանդեպ: Սա է պատմությունը իրականությունը:

 

Հիմա շատերը կարող են «Մեր հայրենիքի» մեջ երկրի թշվառության պատճառը տեսնել, մյուսները մեր զինանշանը գուցե նմանեցնեն գազանների ճաղավանդակների հետ` դրանով պայմանավորելով մեր գաղութային վիճակը, այլոք կարող են դժգոհել, որ մեր դրոշը հեշտությամբ շփոթվում է այլ դրոշների հետ` աշխարհում խանգարելով մեր ճանաչելիությանը և այլն: Կարող ենք բերել պետության այսօրվա խորհրդանիշները պաշտպանող ու դրանք քննադատող հարյուրավոր իրական և մտացածին պատճառներ:

 

Սակայն կա մի խնդիր, մի մոտիվ, որն անհնար է դարձնում խորհրդանիշների փոփոխության հարցը` անկախ քաղաքական, գաղափարական, գեղագիտական ասպեկտներից: Մեր Եռագույնի ուղեկցությամբ, «Մեր հայրենքի» հնչյունների ներքո մենք հավերժություն ենք ճանապարհել մեր հերոսներին, արցախյան զույգ պատերազմներում նահատակված մեր հայրերին, որդիներին, եղբայրներին: Եռագույնն ու «Մեր հայրենիքը» դարձել են պետականաստեղծ մեր հաղթանակի անբաժանելի խորհրդանիշը` հերոսացած տղաների, Եռաբլուրի, ազատագրված Արցախի հետ միասին: «Մեր հայրենիքն» ու Եռագույնն անձեռնմխելի են` ինչպես մեր երկրի անկախությունը, քաղաքացու ազատությունը:

 

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •   
  •  
  •  

Related posts

Leave a Comment